2015թ. առաջին վեց ամիսներին Ռուսաստանը ապաստան տրամադրելու վերաբերյալ ավելի քան 100 հազար դիմում է ստացել օտարերկրացիներից: Սա Եվրոպայում մեծությամբ երկրորդ ցուցանիշն է Գերմանիայից հետո, որը 169 հազար նման դիմում է ստացել: Այս մասին ասված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության զեկույցում, որը հրապարակվել է այսօր Ժնեւում:
«2015 թ առաջին վեց ամիսներին ապաստանի մասին ամենամեծ քանակության նոր դիմումներ Գերմանիան է ստացել՝ 169 հազար»,- ասված է զեկույցում: «Գերմանիային հաջորդում է ՌԴ-ն, որտեղ գրանցվել է ապաստանի մասին 100 հազար դիմում: Այս թիվը ներառում է 720 դիմումները փախստականի կարգավիճակի համար ու 99 հազար 300 դիմումները ժամանակավոր ապաստանի համար,-նշված է զեկույցում,- Այս ցուցանիշի վրա շարունակում էր ազդել 2014թ. Ուկրաինայի արեւելքում բռնկված հակամարտությունը. 98.5 հազար դիմում, այսինքն ընդհանուրի 98 տոկոսը հենց Ուկրաինայի քաղաքացիներից է ստացվել»,–հայտնում է ՏԱՍՍ-ը :
Ընդհանուր առմամբ 2015 թ. առաջին կիսամյակում Ուկրաինայի քաղաքացիները ապաստանի համար 111 900 դիմում են ներկայացրել աշխարհի տարբեր երկրներին, ընդ որում, ճնշող մեծամասնությունը՝ Ռուսաստանին: Գերմանիան Ուկրաինայի քաղաքացիներից 2600 դիմում է ստացել, իսկ Իտալիան՝ 2400:
Ընդհանուր առամամբ, զեկույցի համաձայն, 2015 թ առաջին 6 ամիսներին աշխարհում փախստականների ու ներքին գաղթականների թիվն ավելացել է 5 միլիոնով, իսկ տարեվերջին նրանց ընդհանուր թիվը կարող է գերազանցել 60 մլն-ը: Զեկույցի հեղինակների կարծիքով հարկադիր գաղթի աշխարհի խոշորագույն «գեներատորը» Սիրիայի պատերազմն է: Կես տարվա ընթացքում սիրիացի փախստականների թիվն աճել է 300 հազարով՝ գերազանցելով 4.2 մլն ը: Դրա հետ մեկտեղ փորձագետները շեշտում են, որ նույնիսկ առանց սիրիական ճգնաժամը հաշվի առնելու, փախստականների ու ներքին գաղթականների թիվն աշխարհում աճում է:




























