Բուլղարիան Հայաստանի համար հուսալի եւ կանխատեսելի գործընկեր է, որի հետ տնտեսական կապերը ավանդաբար  մեծ նշանակություն են ունեցել մեր երկրի համար: Այս մասին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում դեկտեմբերի 14-15-ին տեղի ունեցած առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի ժամանակ նշել է հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Հայ-բուլղարական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նպատակը երկու երկրների կառավարությունների միջեւ երկարաժամկետ եւ տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատումն ու ընդլայնումն է։

Նիստի ընթացքում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ՀՀ կառավարության անունից ողջունեց Հայ-բուլղարական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի մասնակիցներին՝ նշելով, որ Բուլղարիան հանդիսանալով Եվրոպական Միության մաս` Հայաստանի համար հուսալի եւ կանխատեսելի գործընկեր է, որի հետ տնտեսական  կապերը ավանդաբար  մեծ նշանակություն են ունեցել մեր երկրի համար:

Նախարարը հույս հայտնեց, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները դրական ազդեցություն կունենան երկու բարեկամական երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը  որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:

Նիստի ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, նախանշվեցին փոխգործակցության զարգացման հեռանկարները:

Առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի արդյունքում ստորագրվեց Արձանագրություն, որով ըստ ոլորտների, սահմանվեցին հետագա համագործակցության ուղղությունները:

Այցի ընթացքում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպումներ ունեցավ Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության նախարարի եւ Բուլղարիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ:

Նախարարը հանդիպեց նաեւ Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին։