Սահմանադրական փոփոխությունների արդյունքները վիճարկելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու համար «Հայ ազգային կոնգրեսի» նախաձեռնած ստորագրահավաքին միացել է նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Այսպիսով՝ ԱԺ ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը հասել է 19–ի եւ մինչեւ այսօր՝ ժամը 18:00 անհրաժեշտ է եւս 8 պատգամավորի ստորագրություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ու ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը նույնպես միացել են ստորագրահավաքին:

Հաղորդել էինք, որ ստորագրահավաքին միացել են ՀԱԿ խմբակցությունից Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը «Ժառանգություն» խմբակցությունից` Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը,  ՕԵԿ խմբակցության բոլոր պատգամավորները՝, ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը:

ՍԴ դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 18-ն է,  մինչեւ այդ անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն:

Նշենք, որ ավելի վաղ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրենք չեն միանալու ստորագրահավաքին: