Այսօր Գերմանիա շատ քիչ մարդիկ են գալիս, որովհետեւ հասկանում են, որ իմաստ չունի: Այս մասին Բեռլինում ՀՀ դեսպանատանը հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը` անդրադառնալով Գերմանիա մեկնող եւ այնտեղ հաստատվել ցանկացող հայերին:
«Չեմ կարծում որ եկողների թիվը նվազել է այն պատճառով, որ չեն կարողանում գալ, ուղղակի հասկանում են, որ իմաստ չունի գալ: Բայց մասնագետները գալիս են, IT բնագավառի մասնագետներ են գալիս, երաժիշտներ են գալիս, բժիշկներ են գալիս»,- նշեց Աշոտ Սմբատյանը:
Լրագրողների հարցին, թե արդյոք ճիշտ է այն տեսակետը, որ Գերմանիայում հայկական համայնքի եւ դեսպանատան միջեւ կապ չկա, Պարոն Սմբատյանը պատասխանեց. «Ես այդպես չեմ կարծում. կարծում եմ, որ կապ կա: Նախ չպետք է մոռանալ, որ երկրներ կան որտեղ ավանդաբար համայնքը շատ ուժեղ է եղել՝ Լիբանան, Իրան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիան չէր կարող համեմատվել այդ երկների հետ՝ թե թույլ թույլ լինելու իմաստով, թե կառուցվածքի»:
Դեսպանը հիշեցրեց, որ չնայած Գերմանիայում առաջին հայ համայնքը ստեղծվել է Բեռլինում 1923թ., բայց այդ ժամանակ նրանք իրենց համայնք չեն անվանել:
Զրույցի ընթացքում դեսպանը նաեւ անդրադարձավ Գերմանիայում ադրբեջանական լոբբինգին՝ ընդգծելով, որ միանշանակ չէ այն տեսակետը, թե Գերմանիայում ադրբեջանական լոբբինգը հաղթում է։
«Տարվա ընթացքում հայերը 80 միջոցառում են կազմակերպել, որից 75 տոկոսը նվիրված է եղել Ցեղասապանության 100-ամյակի միջոցառումներին…Միշտ թվացյալ է, որ Ադրբեջանը շատ ակտիվ է. Ադրբեջանը Խոջալուի միջոցառումն է արել, բավականին թույլ: Բայց ես երբեք չեմ ուզում թերագանահատել, իրականություն է այն, որ իրենց մեծ ֆինանսներ են տրվում, նրանք հնարավորությունն օգտագործում են»,- նշեց դեսպանը:
Հայ լրագրողները այցը Գերմանիա կազմակերպել էին Deutsche Gessellschaft կազմակերպությունը եւ Երեւանի մամուլի ակումբը: Ծրագրի շրջանակում լրագրողները հանդիպեցին Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ, ծանոթացան Գերմանիայում առաջատար լրատվամիջոցների աշխատանքին:




























