Թուրքիայի հետ հարաբերությունների թեման կարող է քննարկվել ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի դեկլտեմբերի 21-ի գագաթնաժողովներում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Ես չեմ բացառում, որ թուրքական թեման թե մեկ, թե մյուս նիստերի ընթացքում (ԵՏՄ ու ՀԱՊԿ գագաթնաժողովների) այս կամ այն չափով կքննարկվի, քանի որ այդ թեման բավականին արդիական է: Եվ ես կարծում եմ մյուս երկրների առաջնորդները կհետաքրքրվեն մեր դիրքորոշումով, կճշգրտեն որոշ մանրամասներ ու իրենց նկատառումները կարտահայտեն»,- հայտնել է Ուշակովը:
«Թուրքական թեման հաստատ կլինի (կքննարկվի գագաթնաժողովներում), քանի որ այն հիմա ամենաքննարկվող թեմաներից է .... Ես կարծում եմ, որ այն անպայման կքննարկվի »,- նշել է Ուշակովը:
«Առավել եւս, որ մի շարք երկրների ներկայացուցիչներ մեր ռմբակոծիչին վերաբերող միջադեպից հետո շփվել են թուրքերի հետ ու նրանք այդ համատեքստում կարտահայտեն իրենց նկատառումները»,- կարծում է նախագահի օգնականը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ուշակովը չի բացահայտել այն «նուրբ հարցերի» մանրամասները, որոնց հարցում ՌԴ-ն մինչեւ «Սու 24»-ի միջադեպը ընդառաջ էր գնացել Թուրքիային, բայց հայտնել է, որ երկու երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը դրանք քննարկել էին Անթալիայում՝ դեմ առ դեմ:
«Հարցը բավականին նուրբ է .. Թեման նուրբ է ու ես չէի ուզի տարածվել այս թեմայով,- հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին,- Այն Անթալիայում երկկողմանի քննարկման առարկա էր դարձել՝ ընդ որում այն տետ- ա -տետ ռեժիմում»:



























