Porsche-ն բենզինային Macan-ի նոր սերունդ է պատրաստում, որը, ինչպես գրում է Autocar-ը, ավելի ագրեսիվ դիզայնով կտարբերվի էլեկտրական տարբերակից։
Նոր ամենագնացը կհայտնվի 2028 թվականին և կվաճառվի Macan Electric-ի հետ զուգահեռ։ Առաջին նախատիպերից դատելով՝ ավտոմեքենան կստանա ավելի լայն անվային կամարներ, մեծացված ռադիատորի ճաղավանդակ և իջեցված թափք։

Ինչպես հայտնում է Autocar-ը, մոդելը կկառուցվի Premium Platform Combustion (PPC) հարթակի վրա, որն օգտագործում է Audi Q5-ը։ Հենց այդ պատճառով էլ վաղ նախատիպը արտաքինից հիշեցնում է Audi-ի գերմանական ամենագնացին։ Սակայն տարբերություններն արդեն նկատելի են․ Porsche-ի փորձարկվող ավտոմեքենան ունի լայնացված անվային կամարներ և փոխված առջևի հատված։
Նախատիպի՝ Porsche-ին պատկանելու մասին վկայում է նաև սև գույնը. ընկերությունն այն օգտագործում է փորձարկման ավտոմեքենաների, դրանց թվում՝ ապագա 718 Boxster և Cayenne էլեկտրական մոդելների վրա։ Անվային կամարների շուրջը և հատակի վրա ամրացված բլոկներն օգնում են ինժեներներին իրական պայմաններում ստուգել ճանապարհային բացվածքը։ Դրանց տեղադրվածությունից կարելի է ենթադրել, որ ներքին այրման շարժիչով սերիական Macan-ը կլինի Audi Q5-ից ավելի ցածր և ավելի լայն, ինչը պետք է դրական ազդեցություն ունենա կառավարելիության վրա։

Նորույթի վերջնական տեսքը առայժմ գաղտնի է պահվում։ Սակայն Porsche-ի դիզայնի բաժնի նոր ղեկավար Տոբիաս Զյուլմանն ավելի վաղ ընդգծել էր, որ ավտոմեքենան պետք է պահպանի ապրանքանիշի ճանաչելի գծերը։ Մասնավորապես, նա հիշատակել էր բնորոշ ուռուցիկ թևերը, որոնք դիզայներները մտադիր են հարմարեցնել նաև ամենագնացին։ Միևնույն ժամանակ, էլեկտրամոբիլների և ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների կառուցվածքային տարբերությունները առանձին դիզայներական լուծումներ են պահանջում։

Porsche-ի ղեկավար Միխայել Լայտերսը նոր բենզինային Macan-ն անվանել է ընկերության մոտակա առաջնահերթություններից մեկը։ Ներքին այրման շարժիչով նախկին տարբերակի արտադրությունն ավարտվել է հուլիսին, սակայն երրորդ եռամսյակում այն վաճառքներով դեռևս առաջ էր էլեկտրական մոդիֆիկացիայից՝ 27 հազար 996 ավտոմեքենա՝ 23 հազարը 29-ի դիմաց։ Ընդհանուր առմամբ վաճառվել է Macan ընտանիքի 51 հազար 25 ավտոմեքենա, ինչը 21%-ով պակաս է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։

Ռազմավարության վերանայման շրջանակում Porsche-ն մտադիր է շեշտը դնել ոչ այնքան վաճառքների ծավալի, որքան յուրաքանչյուր ավտոմեքենայի շահութաբերության վրա։
Ընկերությունը միաժամանակ քննարկում է նոր միջինշարժիչային բարձր դասի մոդելի թողարկման հնարավորությունը։ Բացի դրանից, այսօր Porsche-ն պետք է ներկայացնի Mission S կոնցեպտը, որը, ինչպես սպասվում է, պատկերացում կտա ներքին այրման շարժիչով ապագա սուպերքարի մասին։





























