«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Երեւանի Ազատության հրապարակը հանձնում է երիտասարդներին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի միացյալ շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:
«Մեր խնդիրն է Ազատության հրապարակը համահունչ դարձնել իր անվանը, երիտասարդների միջոցով հրապարակում ձեւավորել միջավայր, որտեղ մեր հասարակության բոլոր շերտերը կլինեն այդ հրապարակի բնակիչները, այս բռնազավթված երկրում ստեղծել ազատագրված տարածք, որտեղից օդ կբարձրանա ազատության ձայնը»,-ասաց Սեֆիլյանը:
Նրա խոսքով, իշխանությունները վերջին 20 տարիներին փոշիացրել են քաղաքական դաշտը երկրում, եւ այն գործիչները, ովքեր փորձում են զրոյից քաղաքական ուժ ստեղծել եւ մասնակցել ընտրությունների, դատապարտված են հասնել ոչնչի:
«Բռնապետության օրոք ընտրությունների միջոցով հնարավոր չէ որեւէ դրական արդյունքի հասնել, միակ ուղին ընդվզման ուղին է: Այդ ուժերը պետք է հասկանան, որ եթե նպատակ ունեն ընդդիմադիր տեղերը զբաղեցնել, դա կարող են անել միայն այստեղ` հրապարկում»,-ասաց Սեֆիլյանը:
Ըստ Սեֆիլյանի՝ առաջիկա 3 ամիսներն իրենց պայքարում վճռորոշ են լինելու, նա հրապարակեց իրենց գլխավոր օրակարգը՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, անցումային կառավարության ձեւավորում եւ իրենց պայքարում արտերկրի մեր հայրենակիցների ներգրավում։ Ընդգծելով, որ իրենց շարժման միակ ֆինանսավորողը ժողովուրդն է, նա քաղաքացիներին կոչ արեց հնարավորության սահմանում օժանդակել իրենց, համակիրներին կոչ արեց ինքնակազմակերպվել, ստեղծել բջիջներ, խմբեր, որոնք կապ կհաստատեն «Նոր Հայաստանի» քաղխորհրդի հետ, մոբոլիզացվել եւ ձեւավորել համերաշխության մշակույթ, որպեսզի մրցակցությունը «չհասնի իրար հոշոտելուն ու սպանելուն, ինչպես դա տեղի է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում»:
Սեֆիլյանը, ամփոփելով ելույթը, վստահեցրեց, որ նույնիսկ, եթե իրենց մոբիլիզացման կոչին ժողովուրդը չարձագանքի, չեն հրաժարվելու իրենց ռազմավարությունից եւ հրապարակներում պայքարելու են այնքան, մինչեւ հասնեն այդ մոբիլիզացիային:
Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Երեւանի Ազատության հրապարակոմ ամենօրյա նստացույցերով եւ Երեւանում ու մարզերում պարբերական հանրահավաքներով պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքները:




























