Ուկրաինայի կառավարությունը սառեցրել է Ռուսաստանին երեք միլիարդ դոլար պարտքի վճարումը, հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Քանի որ Ռուսաստանը, չնայած մեր փորձերին, հրաժարվեց վերակազմավորման համաձայնագիր կնքել եւ ընդունել մեր առաջարկները, նախարարների խորհուրդը սառեցնում է Ռուսաստանին 3,075 մլրդ դոլարի չափով պարտքի վճարումը»,- ասել է Յացենյուկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, սառեցվել է նաեւ ուկրաինական երկու ընկերության` նախագծային «Յուժնոյե» բյուրոյի եւ «Ուկրավտոդորի» կողմից ռուսական բանկերին 507 մլն դոլարի վճարումը: «Այս պահից սկսած` բոլոր վճարումները դադարեցվում են մինչեւ մեր առաջարկների ընդունման կամ դատական որոշման պահը»,- ընդգծել է Ուկրաինայի վարչապետը: Նա հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է «ռուսական կողմի հետ դատական ընթացակարգի»:
2013-ին (այն ժամանակ Ուկրաինայի ղեկավարը Վիկտոր Յանուկովիչն էր) Ռուսաստանի կողմից գնված ուկրաինական եվրոբոնդերի մարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 20-ին:
Դեկտեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին հանձնարարել է Ուկրաինային դատի տալ վարկի չվերադարձման հետ կապված: Նոյեմբերին Մոսկվան հայտարարեց, որ պատրաստ է Կիեւին թույլ տալ, որ պարտքը մարի 2016-2018 թթ-ին` մեկական մլրդ վճարելով: Սակայն Ուկրաինան պահանջում էր պարտքը վերակազմավորել նույն պայմաններով, որին համաձայնել էին մասնավոր վարկատուները, այսինքն` դուրս գրել 20 տոկոսը եւ երկարաձգել մարման ժամկետը:




























