Եվրահանձնաժողովը ԵՄ Խորհրդին հանձնարարել է արագ կարգով քննարկել Վրաստանի, Ուկրաինայի եւ Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմ մտցնելու հնարավորությունը: Այդ մասին այսօր ԵՄ գագաթնաժողովի ավարտին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:
Ավելի վաղ ԵՀ-ն հայտնել էր, որ այս երեք երկիրը կատարել են Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու բոլոր պահանջները:
«Եվրահանձնաժողովն այսօր դրական զեկույց է ընդունել Վրաստանի, Ուկրաինայի եւ Կոսովոյի կողմից առանց վիզայի ռեժիմ ձեռք բերելու համար պահանջների կատարման վերաբերյալ: Մենք ԵՄ Խորհրդին հանձնարարել ենք արագ կարգով քննարկել այդ երեք երկրի համար առանց վիզայի ռեժիմը»,- ասել է Յունկերը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես նշվում է, 2016-ի սկզբին ԵՀ-ն հանձնարարական կներկայացնի Եվրամիության վիզային կանոնակարգի մեջ փոփոխություններ մտցնելու մասին:




























