«Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը քննարկվել է ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, սակայն այդ նախագծի վերաբերյալ որոշումը պետք է ընդունի Եվրահանձնաժողովը, որն արդեն գնահատել է, որ դա կմեծացնի ԵՄ-ի էներգոկախվածությունը ռուսական գազից: Այդ մասին ասել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսի ընթացքում:
«Հանձնաժողովը գնահատել է. եթե «Հյուսիսային հոսք-2»-ը ստեղծվի, դա կմեծացնի Եվրոպայի կախվածությունը մի մատակարարից եւ ռուսական գազի մատակարարումների 80 տոկոսը կկենտրոնացնի մի երթուղու վրա: Դա նաեւ կհանգեցնի գերմանական շուկայում «Գազպրոմի» տիրապետող դերին», — ասել է Տուսկը:
«Իմ տեսանկյունն է` «Հյուսիսային հոսքը» չի նպաստում դիֆերսիֆիկացիային եւ չի կրճատում մեր էներգակախվածությունը, բայց ԵՀ-ն պիտի ավարտի իր տեխնիկական եւ իրավաբական գնահատականները»,- հավելել է նա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հյուսիսային հոսք-2» գազատարի ընդլայնման հարցը ԵՄ-ի գագաթնաժողովին բարձրացվել է Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիի կողմից: Այդ մասին նա ինքը հաղորդել է գագաթնաժողովի աշխատանքի ավարտից հետո մամուլի ասուլիսի ընթացքում:
Նրա կարծիքով տարօրինակ է, որ «Հարավային հոսքի» փակումից մեկ տարի անց, ինչը տեղի ունեցավ «մեծ աղմուկով» ի վնաս Բուլղարիայի, իտալական որոշ ընկերությունների, «Հյուսիսային հոսք-2»-ի հարցն ընդունվել է «բացարձակ լռությամբ»: «Տեսնենք, թե այժմ ինչ կասի ԵՀ-ն», - ասել է Ռենցին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Հյուսիսային հոսք-2» նախագիծն առաջարկում է գազատարի երկու գծի կառուցում տարեկան ընդհանուր 55 մլրդ խորանարդ մետր հզորությամբ ՌԴ առափնյա շրջանից Բալթիկ ծովով դեպի Գերմանիա:




























