Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում նոյեմբերի 14-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով տուժած 61 ընտանիք ստացել է կրած վնասների փոխհատուցումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Գերասիմ Սարգսյանը՝ հավելելով, որ քամու հետեւանքով հասցված վնասի չափը հասնում է 5 մլն. ՀՀ դրամի:
«Մենք կազմել ենք ակտը, որը մարզպետարանի ներկայացուցչի միջոցով ուղարկվել է Կառավարություն: Երեկ եւ այսօր գյուղացիները ստացել են իրենց կրած վնասների չափով փոխհատուցումները»,-ասաց գյուղապետը:
Ուժեղ քամու հետեւանքով, սակայն, ըստ գյուղապետի, Նորակերտի գերեզմանատան 8 վնասված շիրմաքարերի դիմաց գյուղացիներին Կառավարության կողմից փոխհատուցում չի հատկացվել:
«Վնասված գերեզմանաքարերի տերերը ստիպված են դրանք սեփական միջոցներով վերականգնել: Մարզպետարանը միայն 100 000-ական դրամ է հատկացրել գերեզմանաքարերի վերականգնմանը»-ասաց Գերասիմ Սարգսյանը:
Քամուց վնասվել էր նաեւ Նորակետի միջնակարգ դպրոցի տանիքը եւ պատուհանների ապակիները, եւ մանկապարտեզի տանիքը, որոնց վերականգնման համար եւս գումար հատկացվել է:




























