ԱՄՆ-ը շարունակելու է ԻՊ-ի դիրքերին կոշտ հարվածներ հասցնել եւ աջակցել ԻՊ-ի դեմ ցամաքային գրոհներ իրականացնող գործընկերներին: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Մենք շարունակելու ենք կոշտ հարվածներ հասցնել», — ասել է Օբաման Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսին: Նախագահը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է կապ պահպանել միջզգային գործընկերների հետ, որպեսզի թույլ չտա այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք էին Փարիզում եւ Սան Բեռնարդինոյում տեղի ունեցած ահաբեկչությունները:

Նա նշել է, որ Սիրիայում հրադադարը իդեալական չի լինելու, սակայն թույլ կտա բոլոր կողմերին պայքարել ԻՊ-ի դեմ: Ընդ որում Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է պահանջել Ասադի հրաժարականը:

«Ասադը պետք է հեռանա», — ասել է Օբաման՝ նշելով, որ նախագահը կորցրել է լեգիտիմությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Օբաման նշել է Ռուսաստանի եւ Իրանի շահերը հաշվի առնելու միջոցով Սիրիայում քաղաքական անցման համար կամուրջ կառուցելու անհրաժեշտությունը: