Դեկտեմբերի 18-ին եւ լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 /143 արկ/, 82 /258 արկ/, 120 /25 արկ/ միլիմետրանոց ականանետերից,  ՀՀՆ-9 /1 արկ/, ՀԱՆ-17 /40 արկ/ եւ ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաեւ զրահատեխնիկա (տանկ /3 արկ/), ԶՈւ-23-2 /2 արկ/ տիպի զենիթային եւ TR-107 /1 արկ/ տիպի հրթիռային կայանքներ:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը պաշտպանական մարտի ընթացքում զոհվել է 19-ամյա հայ զինծառայող Ֆիդար Ալոյանը: