Երեւան-Մեղրի ավտոճանապարհին օգոստոսին 5-ին վաղ առավոտյան զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ զինծառայող, 35-ամյա Վահագն Խաչատրյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենայի ղեկին քնել է և բախվել մեկ այլ մեքենայի, ինչ հետևանքով անզգուշությամբ առաջացրել է իր ավտոմեքենայի ուղևոր Արսեն Հունանյանի մահը:
Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Նշենք, որ Արսեն Հունանյանը N զորամասի հրետանու շտաբի պետն էր:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. օգոստոսի 5-ին ժամը 05:30-ի սահմաններում, 35-ամյա Վահագն Խաչատրյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 194.5-րդ կմ հատվածում բախվել է Ա.Գրիգորյանի վարած «Դաֆ AE 45180» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետևանքով Վահագն Խաչատրյանը և նրա ավտոմեքենայի ուղևոր, 31-ամյա Արսեն Հունանյանն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Մի քանի ժամ անց N զորամասի հրետանու շտաբի պետ Արսեն Հունանյանը գիտակցության չգալով բժշկական կենտրոնում մահացել է։



























