Հայաստանի անտառները դրված են հանքարդյունաբերության տակ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:
«Մեր երկրում բնապահպանական լուրջ խնդիրներ կան կապված հանքարդույաբերության, Սեւանա լճի, անտառային համկարգի հետ: Հույս կար, որ անտառային համակարգը վերջապես կֆինանասավորվի պետության կողմից, այն տարածքները, որոնք անտառածածկ են, այդ տարածքներում կարգելվի հանքարդյունաբերությունը, սակայն դա տեղի չունեցավ: Այսօր Հայաստանի անտառները դրված են հանքարդյունաբերության տակ եւ դրա ողբերգական օրինակը Թեղուտն է: Հանքարդյունաբերությունը ծավալվում է, որը ողբերգական ազդցություն է թողնում Հայաստանի համար»,-ասաց Հակոբ Սանասարյանը:
«Կանաչների միության» նախագահի խոսքով, այն բնապահպանական խնդիրներն ու էկոլոգիական վտանգները, որոնք Հայաստանին սպառնում էին 2015թ կշարունակեն սպառնալ նաեւ 2016թ. «Իրականում Սեւանա լճի մակարդակի բարձրացում չկա եւ փաստորեն, Սեւանա լիճը կենդանական աշխարհի առումով դատարկ է, նրանք արհեստական կեր տալով ձուկ են աճեցնում այդտեղ»:
Հակոբ Սանասրայնը նշեց, որ Հայստանում լուրջ խնդիրներից են պոչամբարները: Նրա խոսքով, դրանք մահաբեր են եւ խոշոր վտանգ են ներկայացնում Հայաստանի համար. «Ասացին, որ կոչնչացնեն պոչամբարները, սակայն խոսել եմ այն մարդկանց հետ, որոնք պատրաստվում են դա անել, բայց հասկացել եմ, որ նրանք այնքան էլ ծանոթ չեն այդ խնդրին»:




























