Սահմանադրության 2-րդ, 4-րդ, 30-րդ եւ 100-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը պետք է քննի ՀԱԿ-ի դիմումը՝ դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սահմանադրական դատարանում խմբակցության լիազոր ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
«Երեկ նաեւ փոստով ենք ուղարկել հայցը, որպեսզի Սահմանադրական դատարանը պարտադիր քննարկի՝ հայցն ընդունել վարույթ, թե ոչ: Ինչ վերաբերում է հայցին, ապա Սահմանադրության 2-րդ, 4-րդ, 30-րդ եւ 100-րդ հոդվածների համաձայն ՍԴ-ն պետք է վարույթ ընդունի եւ հայցը քննի: Օրինակ, 100-րդ հոդվածը սահմանում է, թե որ դեպքում քաղաքացիները կարող են դիմել Սահմանադրական դատարան, այդ ցանկում է նաեւ հանրաքվեն: 101-րդ հոդվածը սահմանում է այն սուբյեկտները, որոնք հանրաքվեի դեպքում կարող են դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ եւ խորհրդարանի 1/5-րդ մեծամասնություն: Սակայն սա չի նշանակում, որ 101-րդ հոդվածը կարող է խոչընդոտել վերը նշված մյուս հոդվածները կատարելուն»,- ասաց Տիգրան Եգորյանը:
Եգորյանի խոսքով՝ ՍԴ-ն չի կարող հրաժարվել Սահմանադրականությունը կատարելուց: Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ Սահմանադրական դատարան է ներկայացրել խմբակցության եւ Ազգային ժողովի 19 պատգամավորների` դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին հայցադիմումը։ Զուրաբյանի պնդմամբ՝ իրենց հեղինակավոր իրավաբաններն են ասել, որ անկախ ստորագրությունների քանակից՝ հնարավոր է դիմել Սահմանադրական դատարան:
«Բարձր եմ գնահատում այն պատգամավորներին, որոնք միացան մեր ստորագրահավաքին: Նրանց քայլը պատմական իրադարձություն է, եւ բոլորը պարտավոր էին լծվել այս գործընթացին: Անկախ ամեն ինչից, հեղինակավոր իրավաբաններ մեզ հայտնեցին, որ Սահմանադրության որոշ կետերով կարող ենք դիմել Սահմանադրական դատարան»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ անկախ արդյունքներից՝ իրենք հրապարակելու են հայցադիմումում առկա նյութերը:



























