Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը համարում է, որ ԵՄ ուղեւորությունների նպատակով ուկրաինացիների համար առանց վիզայի ռեժիմ կմտցվի հինգից-յոթ ամսից: Ֆեյսբուքի իր էջում նրա խոսքերն է ներկայացնում Ուկրաինայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

«Որոշումն ընդունված է: Առանց վիզայի ռեժիմը լինելու է: Թե ճշգրիտ երբ` հինգ ամսից, թե մի տարուց, կախված է Ուկրաինայում բարեփոխումների արդյունավետությունից: Ես մեծ հույս ունեմ, որ ուկրաինացիները հինգից-յոթ ամսից առանց վիզայի ռեժիմ կունենան», — ասել է Ուկրաինայի արտգործնախարարը, գրում է Gazeta-ն:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը (ԵՀ) զեկույց էր հրապարակել, որում հայտնել էր, որ Ուկրաինան կատարել է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու բոլոր պահանջները: Նշվում է, որ 2016-ի սկզբին ԵՀ-ն հանձնարարական կներկայացնի Եվրամիության նոր կանոնակարգում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ: