Եվրոպան Թուրքիայի, Կատարի եւ Սաուդյան Արաբիայի հետ համատեղ Սիրիան վերածեց ահաբեկչության բուծարան-երկրի, ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոլանդական  NOS հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:

Սիրիայի առաջնորդն այդպես է պատասխանել թղթակից Թոմ Կլեյնի հարցին այն մասին, թե ինչեւ են Եվրոպայից Սիրիա հարյուրավոր ջիհադիստներ ուղարկվում:  «Ամենակարեւոր հարցն այն է, թե որտեղից են Եվրոպայում հայտնվել նրանք: Այն, որ նրանք գալիս են այստեղ, բնական է, որովհետեւ Սիրիան վերածվել է ահաբեկչության բուծարանի այն պատճառով, որ Եվրոպան եւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Կատարը տարբեր մեթոդներով աջակցել են ահաբեկիչներին», — ասել է Ասադը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա տեսանկյունից, Եվրոպան ահաբեկչության դեմ պայքարում սխալ մոտեցում է որդեգրել:  Ասադը բացատրել է, թե իր տեսանկյունից Եվրոպան  ճշգրիտ ինչն է սխալ արել:  «Նախ` եվրոպական կառավարությունը չի կարողացել իրականացնել այդ մարդկանց եվրոպական հասարակությունում ներառելու խնդիրը: Նրանք գետտոյում են ապրել: Երբ գետտոյում ես ապրում, ծայրահեղական ես դառնում», — նշել է Սիրիայի նախագահը: 

Եվրոպայի երկրորդ սխալը, համարում է Ասադը, այն է, որ շատ եվրոպացի առաջնորդներ   «իրենց արժեքները վաճառել են նավթադոլարների դիմաց»: «Նրանք Սաուդյան Արաբիայից վահաբիտական կազմակերպություններին թույլ են տվել իրենց ծայրահեղական գաղափարախոսությունը Եվրոպա բերել: Դրա համար էլ դուք ահաբեկիչներ եք արտահանում: Մենք նրանց չենք արտահանում, նրանք գալիս են Սիրիա, իսկ հետո վերադառնում են Եվրոպա», — հավելել է նա` հիշեցնելով, որ Փարիզի գրոհների համար մեղավոր երեք ահաբեկիչը եվրոպացի էին, ոչ թե սիրիացի:   

Ասադը հումորով է արձագանքել Արեւմուտքի որոշ ներկայացուցիչների, մասնավորապես` ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի վերջին հայտարարությանը այն մասին, որ սիրիական առաջնորդը առայժմ կարող է պահել իշխանությունը: Ավելի վաղ Արեւմուտքը համառորեն պահանջում էր նրա հեռացումը:  «Նրանց շնորհակալ եմ դրա համար, թե չէ ես արդեն ճամպրուկներս էի հավաքում: Ես պիտի հեռանայի, իսկ այժմ կարող եմ մնալ», — ասել է Սիրիայի նախագահը:  

Նա նաեւ նշել է, որ միայն Սիրիայի քաղաքացիները կարող են որոշել` ինքը մնա արդյոք իշխանության գլուխ. «Եթե դուք, որպես Նիդերլանդների քաղաքացի, պատրաստ եք ընդունել, որ ինչ-որ մեկը Սիրիայում կարող է որոշել, թե ով է լինելու ձեր վարչապետը,  մենք դա կընդունենք, բայց չէ՞ որ դուք չեք ընդունի: Սիրիան ինքնիշխան պետություն է: Նախագահն այստեղ լավն է, թե վատը, պիտի որոշեն սիրիացիները, ոչ թե եվրոպացիները»:

Նա նաեւ նշել է, որ եթե սիրիացի ժողովուրդն ուզենա, որ ինքը լքի պաշտոնը, ինքը կանի դա: