Դպրոցի ուսուցիչները կարող են ցանկացած կուսակցության անդամակցել, բայց չեն կարող քարոզչություն իրականացնել ուսումնական ժամանակի ընթացքում: Այդ մասին դեկտեմբերի 19-ին լրագրողներին ասել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2015-ի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին:
Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում ինչու են այդքան շատ ՀՀԿ-ական տնօրենները, բայց գործնականում չկան Հայ ազգային կոնգրեսին կամ «Ժառանգությանն» անդամակցող տնօրեններ, Աշոտյանը պատասխանել է. «Մենք ուսուցիչների նկատմամբ երբեք ոչ մի սահմանափակում չենք կիրառել` ոչ կուսակցական, ոչ էլ այլ բնույթի: Դպրոցներում եւ բուհերում ամենատարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են աշխատում: Եվ այստեղ պետք է նշել, որ թռուցիկներ են բաժանել, դասամիջոցներին քարոզչություն են իրականացրել: Ընդ որում` անհամեմատ ավելի հաճախ` «ոչ»-ի ճամբարից, քան «այո»-ի (սահմանադրական փոփոխությունների հակառակորդները արմատական ընդդիմությանն են պատկանում. խմբ)»:




























