Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավար Շեյխ Ասադին, ով պատրաստվում է Հայաստանի ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնել:
Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ներկայում տարվող աշխատանքների ընթացքը: «Գրեյնջ հոլդինգ»-ի ղեկավարը միաժամանակ նշել է, որ ընկերությունը մտադիր է չսահմանափակվել այս ներդրումային ծրագրով եւ շահագրգռված է ընդլայնել համագործակցության ուղղությունների շրջանակը:
Հովիկ Աբրահամյանը կարեւորել է մեր երկրի էներգետիկայի ոլորտում նման խոշոր ներդրումային ծրագրի իրականացումը եւ գոհունակություն հայտնել այդ ուղղությամբ կատարվող գործնական քայլերի կապակցությամբ: Վարչապետը ողջունել է նաեւ «Գրեյնջ հոլդինգ»-ի՝ Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը եւ նշել, որ կառավարությունը պատրաստ է զարգացնել համագործակցությունը:






























