Հայաստանի Ադրբեջանի նախագահների այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կայացած հանդիպման օրակարգը թելադրված էր իրավիճակի սրմամբ, Ադրբեջանի կողմից սադրանքների, հրադադարի կոպտագույն խախտումների արդյունքում: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ բնական է՝ այսպիսի սուր իրավիճակ է տիրում, մյուս բոլոր հարցերը երկրորդ պլան են մղվում, հաղորդում է Panorama.am-ը:

«Ադրբեջանը չի կարողանում ազատվել այն պատրանքից, որ կարող է օգտագործել ուժի կիրառումն ու դրա սպառնալիքը՝ որպես բանակցային գործիք: Իսկ իրականում բանակցություններում իրենց թուլությունը ցանկանում են  կոմպեսացնել այս կարգի քայլերով: Ադրբեջանի ստրատեգները կարծում են, որ դա իրենց ուժ է տալիս»,- ասել է ԱԳ նախարարը:

Նալբանդյանի խոսքով՝ Ադրբեջանին այս քաղաքականությունը որեւէ դրական բան, որեւէ առավելություն ոչ տվել է, ոչ տալիս է, ոչ էլ կտա:

«Կային եւ կան տրամադրություններ, որ գուցե այս անադեկվատ կեցվածքի, Ադրբեջանի սադրանքների պայմաններում իմաստ չունի բանակցությունները շարունակելը: Հարց է առաջանում՝ ո՞րն է այլընտրանքը բանակցությունների: Եվ իհարկե, Հայաստանը կողմ է եղել, կողմ է բանակցային գործընթացը շարունակելուն, բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորմանը: Մեր հանրապետության նախագահի մասնակցությունը գագաթաժողովին հենց դրա մասին է խոսում, մեր մոտեցման մասին, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակել եռանախագահների հետ ջանքերը՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ հանդիպումը սկսվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, որից հետո ընթացել է առանց միջնորդների:

Բեռնում Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ: