Հայոց ցեղասպանության ականատեսները 100 տարի անց դարձյալ տեսել են իրենց տները: Այդ հանդիպման րոպեները փոխանցել է ԱՄՆ-ից լուսանկարիչ Դիանա Մարկոսյանը:  Նյու Յորքի համալսարանի Հակոբ Կեւորկյանի Մերձավորարեւելյան հետազոտությունների կենտրոնում բացված նրա ցուցահանդեսին  100-ամյա սահմանագիծը հատած մարդկանց հուզմունքն է, տեղեկացնում է Huffington Post-ը:

2014-ի հոկտեմբերին Մարկոսյանը սկսել է ականատեսների փնտրել:  Նա 10 մարդ է գտել, որոնցից միայն երեքն էին հիշողություններ պահպանել այն մասին, ինչ կար ցեղասպանությունից առաջ: 

Նրանց հետ հանդիպմանը նա բերում էր ներկայիս Թուրքիայում մնացած բնապատկերներով հսկայական պաննոներ:

Երբ 105-ամյա Մովսես Անեշյանը տեսել է իր մանկության տան լուսանկարը, քարացել է, հետո ծալվող ոտքերով, արդեն շուրջը ոչինչ չնկատելով, մոտեցել է պաննոյին:  

Հարյուր տարի անց նա տան դիմաց է հայտնվել եւ ճանաչել է այն, ասում են Մարկոսյանները: 

Եպրաքսիա Գեւորգյանը, ի պատասխան այն հարցին, թե ինչ է հիշում, պատասխանեց.

 «Լավ է, որ դու դա չես տեսել»:

101-ամյա Մարիամ Սահակյանը միայն մի բան է խնդրել.  «Հարազատ գյուղից հող բերեք գերեզմանիս համար»: