Դեկտեմբերի 17-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհված ավագ լեյտենանտ 23-ամյա Գոռ Օհանյանը զոհվել է պաշտպանական մարտի ժամանակ իր զինվորին օգնելիս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Օհանյանի ընկերներից մեկը` նշելով, որ մարտի ժամանակ, երբ լարվածությունը մեծացել է, Գոռը խրամատում նռնականետը վերցրել է զինվորի ձեռքից եւ իր կողմից նռնականետից կրակոց արձակելու հետևանքով ստացել է մահացու վիրավորում:

Գոռի համագյուղացիներից մեկն էլ պատմեց, որ լինելով ընտանիքի ավագ զավակը, Գոռը միշտ օգնել է ծնողներին, իսկ վերջին տարիներին հորը թույլ չի տվել մեկնել արտագնա աշխատանքի` ինքն է աշխատել եւ պահել ընտանիքին:

Համագյուղացիների  ու ծառայակից ընկերների խոսքով, Գոռը եղել է օրինակելի, համեստ ու հայրենասեր մարդ:

Գոռ Օհանյանն ավարտել էր Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, արդեն 4 տարի է` ծառայում էր: Գոռը ընտանիքի ավագ որդին էր,  ուներ իրենց փոքր քույր եւ եղբայր:

Զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի մահվան հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում ավագ լեյտենանտ Գոռ Վահանի Օհանյանն իր կողմից նռնականետից կրակոց արձակելու հետևանքով ստացել է վիրավորում: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին  մահացել է: