Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը գրավիչ է էժան սեգմենտի համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

«ԵՏՄ-ին անդամակցությունը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական որոշում էր: Անդամագրվելուց առաջ էինք մենք Ռուսաստան ապրանք արտահանում, այսօր էլ, տոկոսային առումով ոչինչ չի փոխվել: Անդամակցությունը մեզ հնարավորություն պետք է տար՝ եղած ռեսուրսներն օգտագործելու համար, սակայն ռուբլու փոխարժեքի անկումից հետո տեսանք՝ ի՞նչ եղավ. ԵՏՄ-ն գրավիչ դարձավ միայն էժան սեգմենտի համար»,- ասաց Ավագ Հարությունյանը՝ նշելով, որ այս դեպքում էլ հայ գործարարին ձեռնտու չէ, քանի որ ստիպված է լինում ապրանքը վաճառել կամ ինքնարժեքից ցածր գնով, կամ ինքնարժեքով:

Ավագ Հարությունյանի խոսքով՝ հայ գործարարները երկու տարբերակ ունեն՝ իրավիճակից դուրս գալու համար. կամ բարձրացնել արդյունավետությունը, որն անհնարին է, կամ մտնել ավելի բարձր արժեքի դաշտ՝ նվազեցնելով ծավալները:

«Երկրորդ դեպքում խնդիրը ԵՏՄ-ի մեջ չէ, մեր մեջ է, մենք պետք է մշակենք արտահանման երկարաժամկետ հայեցակարգ: Այս հայեցակարգի առաջնային նպատակը պետք է լինի ստեղծել թանկ ապրանքներ՝ գինիներ, կոնյակներ եւ այլն: Էժան ապրանքի արտահանումից պետք է հրաժարվել, օրինակ, գյուղացին պետք է մշակի թանկ մշակաբույս, որը տալիս է շատ թանկ յուղ»,- ասաց նա:

Նշենք, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամագրվել է 2015թ. հունվարի 1-ից: ՀՀ իշխանություններն այդ ժամանակ պնդում էին, որ անդամակցությունից հետո լավ է լինելու Հայաստանի տնտեսության համար, սակայն դեռեւս դրական փոփոխություններ չկան: