Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, ինչպես նաև վարչական բոլոր շրջաններում տեղի կունենան տոնական մի շարք միջոցառումներ: Հայտարարված է նաև լավագույն ձևավորման մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես տնտեսվարողները, այնպես էլ անհատ քաղաքացիներ:

Մայրաքաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը կազդարարվի դեկտեմբերի 21-ին` ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի, միաժամանակ նաև մայրաքաղաքի տոնական լուսավորության միացումով:

Նշենք, որ վերջին տարիներին մայրաքաղաքի ամանորյա ձեւավորումն ավելի ու ավելի աղքատիկ է դառնում։ Եթե դեռ երեք տարի առաջ ամեն խաչմերուկին ուրախացնում էին Ձմեռ պապի տնակները, փողոցներում ամեն քայլափոխի կարելի էր տեսնել լուսավորված եղնիկներ, ձնեմարդեր, պինգվիններ, կարապներ, այժմ այդ ամենը չկա։ Որեւէ միջոցառում չի կազմակերպվում Ազատության հրապարակում։