Կրեմլում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, հայտնում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը: 2015-2016թթ միջնստաշրջանային ժամանակաշրջանում ՀԱՊԿ ՀԱԽ նախագահն է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: ՀԱԽ կազմում են ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի ղեկավարները:

Հավաքական անվտանգության խորհրդի նիստը անցնում է նեղ կազմով ու լիագումար նիստի ձեւաչափով: Նախատեսված է, որ նստաշրջանի ընթացքում պետությունների ղեկավարները տեսակետներ են փոխանակելու աշխարհում ընթացիկ իրավիճակի մասին, քննարկելու են միջազգային անվտանգության հիմնական խնդիրները ու դրանց լուծման ուղղությամբ ՀԱՊԿ հնարավոր քայլերը: Նստաշրջանի արդյունքներով ակնկալվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կընդունեն միջազգաին ահաբեկչությանը դիմակայելու մասին հայտարարություն ու կստորագրեն ՀԱՊԿ մշտական գործող աշխատանքային մարմինների պաշտոնատար դեմքերի ռոտացիաներին վերաբերող ՀԱԽ որոշումները: