Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարեւան Եմենի տարածքից հրթիռային հարվածը:  

Ինչպես տեղեկացրել են զինվորականները, Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը դեկտեմբերի 21-ի առավոտյան հետ են մղել  թշնամական հրթիռը, որը Եմենի տարածքից արձակվել էր թագավորության հարավում գտնվող Ջիզան քաղաքի ուղղությամբ: 

Ինչպես հաղորդել է հրամանատարությունը, հաջողվել է նաեւ ոչնչացնել հարթակը, որտեղից իրականացվել էր գրոհը այն բանից հետո, երբ զինվորականները պարզել են Եմենում նրա տեղադրությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որում մի կողմից հանդես են գալիս ապստամբ-հուսիները շիայական  «Անսար Ալլահ» շարժումից եւ բանակի այն հատվածը, որը հավատարիմ է նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին, մյուս կողմից` նրա կողմից քշված նախագահ Աբդ-Ռաբբու Մանսուր Հադիի զորքը, որին ցամաքում եւ օդում աջակցում են արաբական դաշինքի ուժերը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: