Խորհրդարանի պատգամավորները պետք է ձեռնպահ մնան փոխադարձ վիրավորանքներից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ« ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթին:

«Դուք ասում եք, որ խորհրդարանում դատարկություն է: Գուցե այդ դատարկությունը կա ձեր շարքերում, բայց այս դահլիճում այն չկա: Այստեղ հավաքվել են լուրջ գործիչներ տարբեր քաղաքական կուսակցություններից: Իսկ դուք, մինչ նիստեր են ընթանում, գնում եք հանրահավաքների, իսկ Ձեր գործընկերներն այստեղ ժամերով առանց դադարի աշխատում են կարեւոր օրինագծերի վրա: Ավելի լավ է այստեղից ելույթ ունենաք, ԱԺ ամբիոնից, ոչ թե հանրահավաքներում: Այստեղից Ձեզ հաստատ ավելի շատ մարդ կլսի»,-հայտարարել է Շարմազանովը: