Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` դեկտեմբերի 21-ին, քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով ցուցմունք է տվել գործով վկա Հայկ Մարգարյանը, հանրությանը հայտնի` ՀՏ Հայկոն:
Հայկ Մարգարյանը դատարանում հայտնել է, որ իրեն պատկանող «90’s» փաբ-սրճարանում անվտանգությունը ապահովել են Իսրայել Սարգսյանի անվտանգության աշխատակիցները:
ՀՏ Հայկոյի խոսքով` ինքը գործ է ունեցել կարատեի ֆեդերացիայից ոմն Տիկոյի հետ, որը ամեն օր երկուական անվտանգության աշխատակից է ուղարկել իր մոտ:
Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը ՀՏ Հայկոյին տեղեկացրել է, որ Տիգրանն իր տեղակալն է, եւ նույնիսկ հիշեցրել, որ իրենք հանդիպում են ունեցել, պայմանագիր կնքել, սակայն դա վաղուց է եղել, ՀՏ Հայկոն կարող է եւ դա չհիշել:
Դատավոր Արմեն Բեկթաշյանի այն հարցին, թե արդյոք Իսրայել Սարգսյանը սպանության օրը եղել է ՀՏ Հայկոյին պատկանող փաբ-սրճարանում` ռեփերը պատասխանել է` «գուցե եւ եղել է, չեմ հիշում»:
Ամբաստանյալը հստակեցրել է, որ եղել է ՀՏ Հայկոյի փաբ-սրճարանում, սակայն իր աշխատակիցների ծառայությունը ստուգելու համար կարիք չի եղել սրճարանի տիրոջ հետ հանդիպել, հանդիպել է միայն փաբի աշխատողների հետ:
NEWS.am-ի հետ զրույցում ՀՏ Հայկոն նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել, թե ինչ կապ ունի Իսրայել Սարգսյանի հետ:
«Ես հիմա ինտերվյուներ չեմ տալիս, կապ չունի, թե ինչ թեմայով է»,-ասաց հայտնի ռեփերը:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին, որն ավելի ուշ ազատ է արձակվել: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:



























