Հանրապետությունում Ամանորին ընդառաջ գնաճ չի նկատվում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Այս տարի առաջխաղացում չկա, առանձապես գնաճ չի նկատվում: Ամենայն հավանակությամբ, դեկտեմբերի վերջին էլ գնաճ չի լինի: Որպես կանոն, թանկանում են մսամթերքը, բանջարեղենը, սակայն այս տարի մսամթերքի շուկան կարգավորված է: Միայն հնարավոր է մրգի շուկայում թանկացում լինի»,- ասաց Կարեն Չիլինգարյանը:
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը մինչդեռ կարծում է, որ մինչեւ տարեվերջ թանկացումներ կլինեն:
«Այս տարի համեմատաբար մեղմ է, սակայն ժամանակ կա, եւ փորձը ցույց է տալիս, որ թանկացումներ կլինեն»,- ասաց Արմեն Պողոսյանը:



























