Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հիմնական արժեքը հենց հանդիպման փաստն է: Այս մասին դեկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով երկրորդ կարեւոր փաստն այն հայտարարությունն է, որ գործընթացը կշարունակվի նաեւ գալիք տարի: «Մինսկյան գործընթացն ու Մինսկյան գործընթացի շրջանակում հանդիպումներն անվտանգության, քաղաքական փոխգործողության ու ինտերնացիոնալիզացիայի տարբերակներից մեկն են: Այն, որ Մինսկի գործընթացը կշարունակվի, Բեռնի հանդիպման արդյունքն է: Ուրիշ արդյունք պետք չէր ակնկալել: Դա այն առավելագույնն էր, որը կարելի էր ակնկալել»,- նշել է Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում: Երկու երկրների ղեկավարների նախորդ հանդիպումը կայացել էր 2014 թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում:



























