Արմավիրի մարզի Գայ գյուղի մոտ գտնվող շուկայում դեկտեմբերի 20-ին ավտոմեքենայի մեջ հանկարծամահ եղած 19-ամյա Գեւորգ Ասիրյանը թունավորվել է շմոլ գազից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գայ գյուղի գյուղապետ Սեյրան Մարկոսյանը:
«Ավտոյի մեջ փեչերը խոդ տված քնել է, ուգար է եղել»,-ասաց գյուղապետը:
Սեյրան Մարկոսյանը տեղեկացրեց, որ երիտասարդը Վրաստանի քաղաքացի էր, ապրում էր Շուլարվերում: Հայաստան մրգեր էր բերում եւ վաճառում:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Գայ գյուղի շուկայի մոտ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 8.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հովտաշատ գյուղի մոտ գտնվող շուկայում ավտոմեքենայի մեջ երիտասարդ է մահացել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 8-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 19-ամյա Գևորգ Ասիրյանը նշված շուկայում կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հանկարծամահ է եղել:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



























