Հայաստանի կառավարությունը գնացել է տնտեսության ակտիվացման շոշափելի միջոցառումների, բայց պետք է տեսնել դրանց արդյունքը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Տարվա ընթացքում կառավարությունն օրինագծեր է ընդունել խոշոր հարկատուների համար շահութահարկը  կտրուկ նվազեցնելու մասին (20 տոկոսից մինչեւ 5 եւ 2 տոկոսի), արտերկրում հայկական ընկերություններում աշխատող ՀՀ քաղաքացիների համար եկամտահարկը 24-36 տոկոսից 13 տոկոս դարձնելու մասին, ինչպես նաեւ սահմանամերձ գյուղերում բիզնեսը հարկերից ազատելու մասին:

«Բարեփոխումները բավական շոշափելի են, եւ չի կարելի չտեսնել կառավարության լավ մտադրությունները: Մնում է տեսնել, թե ինչ արդյունքներ են դրանք բերում»,-հավելել է Մելքումյանը: