Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած ողբերգական վթարի մասին:
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ դեկտեմբերի 18-ին ժամը 22:00-ի սահմաններում Գորիսի Սյունիքի փողոցի եւ Երեւանյան խճուղու հատման խաչմերուկում Ա.Բաղդասարյանի անվամբ հաշվառված «Մերսեդես Բենց 420» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել Երեւանյան խճուղու աջ կողնակում առկա գովազդային վահանակի սյանը, ինչի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից ուղեւոր, 15-ամյա տղան մահացել է, եւս 2 դեռահաս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ վթարի պահին ավտոմեքենայի ղեկին է գտնվել անչափահաս։
Քննությամբ պարզվել է, որ 2015թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի բնակիչ Ա.Բաղդասարյանն իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան տեխսպասարկման կետ տեղափոխելու նպատակով հանձնել է եղբորորդուն, որը 15 տարեկան է։ Նույն օրը` ժամը 22-ի սահմաններում, Սյունիքի փողոցի եւ Երեւանյան խճուղու հատման խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելիս ավտոմեքենան, որի ղեկին գտնվել է դեռահասը, դուրս է եկել երթեւեկելի ուղեմասից եւ ավտոմեքենայի աջակողմյան հատվածով բախվել Երեւանյան խճուղու աջ կողնակում առկա գովազդային վահանակի սյանը, ինչի հետեւանքով ուղեւորներից մեկը՝ 15-ամյա Արենը, ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ղեկին գտնվող Նարեկը եւ նրան հասակակից Ալիկն ստացած վնասվածքներով տեղափոխվել են «Գորիսի բժշկական կենտրոն»:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 2015թ-ի դեկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով՝ տրանսպորտային միջոցը 16 տարին չլրացած անձին հանձնելու համար, որի հետեւանքով անզգուշությամբ առաջացել է մարդու մահ։
Կատարվում է նախաքննություն:



























