Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի մի քանի տասնյակ խաղողագործներ, որոնք այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Կառավարության մոտ էին հավաքվել եւ պահանջում էին մի քանի ամիս առաջ հանձնած իրենց խաղողի բերքի գումարը, ընդունարանում հանդիպում են ունեցել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հետ:
Խաղողագործներից Հրանտ Մելքոնյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց խաղողը 45-70 դրամով հանձնել են ԱԺ նախկին ԲՀԿ–ական պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) պատկանող Քաղցրաշենի բերքի վերամշակման գործարան եւ առ այսօր չեն ստացել իրենց գումարները:
«Խաղողը հանձնելիս մեզ ասացին, որ մինչեւ Նոր տարի մեր ամբողջ գումարը կտան, բայց խաբեցին, հիմա էլ ասում են, թե մարտին-մայիսին նոր կտան: Կոնկրետ ինձ պետք է 1.5 մլն տան, բայց այնքան մարդ չեն, որ իմանալով քյասիբ գյուղացիներին, որ դեմը Նոր տարի է, գոնե 200 000 դրամ չեն տալիս, որ մեր Նոր տարին կարողանանք անել»,-ասաց քաղցրաշենցին:
Ռոբերտ Մակարյանը գյուղացիներին ասաց, որ խաղողի բերքը Կառավարությունը չի ընդունել, եւ այս պահին Գյուղատնտեսության նախարարությունը չի կարող գյուղացիներին գումարը վճարել, փոխարենը խոստացավ ամեն ինչ անել գյուղացիներին օգնելու համար:
Մակարյանի այս պատասխանից խաղողագործները դժգոհ մնացին եւ բանակցություններն առանց ավարտին հասցնելու հեռացան Կառավարության ընդունարանից:
Նշենք, որ քաղցրաշենցի 450 ընտանիք դեռեւս չի ստացել հանձնած խաղողի բերքի գումարը:




























