Հայաստանի իշխանությունները թաքնվում են հանցագործների կամ կամազուրկ կանանց թիկունքում։ Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող «Նոր Հայաստան» նախաձեռնության քաղաքացիական հավաքին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այս անգամ հանրապետականները փչացրին նաեւ իրենց երիտասարդ սերնդին։

«Ինչպես պիտի իրենք դուրս գան դրա տակից, իրենց գործն է, իսկ մենք անելու ենք մեր գործը»,- ասել է Հովհաննիսյանը։ Իսկ գործ ասելով նա նկատի ունի «Նոր Հայաստանի» օրակարգի երկու կետերը՝ Սերժ Սարգսյանին հեռացնեն իշխանությունից եւ կառավարման նոր մարմիններ ստեղծեն։

«Վերջին մեկ շաբաթում եղել ենք 20 քաղաքներում, որից 14-ում ունեցել ենք մեծ ու փոքրիկ ժողովներ, խորհրդակցել ենք մեր քաղաքացիների հետ։ Տարբեր քաղաքներում իշխանությունը բերեց թե փողկապավորների, թե ուսուցիչների, թե թաղի հանցագործների։ Մեկ-երկու տեղ մենք բարձրախոսը տվեցինք նրանց, որոնք հանցագործության ինքնախոսոտավանություն արեցին, որ իրենք հանցագործ են»,- նշել է նա։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ հունվարի 22-ից նոր փուլ է բացվելու իրենց նախաձեռնության համար, ավելի ակտիվ են սկսելու պայքարը։ ««Նոր Հայաստանը» կմնա հրապարակում, մենք Ազատության հրապարակից չենք հեռանալու, կմնա մեր դրոշը, մինչեւ մենք կունենանք նոր հանրապետություն»,- ասել է նա։