Հայաստանի ռադիոլոգների կոնսոլիդացնող համաժողովի անդամները կոչ են անում վերաորակել գյումրեցի բժշկուհի, ռադիոլոգ Նազանի Մալխասյանին առաջադրված մեղադրանքը:

Համաժողովի անդամների բաց նամակում մասնավորապես ասվում է. «Ի  գիտություն ընդունելով 18.12.2015թ. NEWS.am-ում հրապարակված տեղեկատվությունը, ըստ որի Գյումրի բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Նազանի Մալխասյանին ՀՀ ՔՕ № 130 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, համատեղ ուժերով վեր ենք լուծել դեպքին վերաբերող Համակարգչային շերտագրումները (ՀՇ):

Խորին ցավակցություն հայտնելով հանգուցյալի հարազատներին եւ մերձավորներին, ցանկանում ենք հայտնել այն տեսակետը, ըստ որի ՀՇ-պատկերներում արտացոլված իրավիճակը պատկանում է ըստ Հիվանդությունների Միջազգային -10 դասակարգման 

-սրտի վնասվածք, սրտապարկի արյունազեղում (S 26.0),

-կողերի բազմաթիվ կոտրվածքներ (S 22.4),

-կրծքավանդակի օրգանների վնասվածքներ (T 06.5),

-արյունատար անոթների վնասվածքներ (T 06.3):

Ուստի ստիպված ենք եզրահանգել, որ գործ ունենք կյանքի հետ անհամատեղելի պոլիտրավմայի հետ եւ չփորձելով որեւէ կերպ արդարացնել ռադիոլոգի բաց թողումը, պետք է ցավով հուշենք, որ նրա եզրակացությունը չէր կարող փոխել  Prognosis pessima իրավիճակը:

Հաշվի առնելով վերոնշվածը`

1. Խնդրում ենք պատկան մարմիններին վերաորակել ներկայացված մեղադրանքը:

2. Կոչ ենք անում դեպքի հետ առնչվող այլ մասնագիտության տեր մեր բժիշկ գործընկերներին անկեղծ գնահատել սեփական փորձը, հմտությունները եւ գիտելիքները եւ հիվանդանոցի հագեցվածությունը նմանատիպ դեպքերի մենեջմենթի առումով եւ ստանձնել մեղքի սեփական հատվածը՝ չբարդելով մեկի վրա ամբողջ պատասխանատվությունը:

3. Մենք մեր կողմից պարտավորվում ենք «Գյումրի» ԲԿ տնօրինության հարցում-խնդրանքի առկայության դեպքում կազմակերպել Նազանի Մալխասյանի ռադիոլոգիայի բնագավառում վերապատրաստման եւ գիտելիքների թարմացման միջոցառումները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի բժշկական կենտրոնի բժշկուհի Նազանի Մալխասյանը մեղադրվում է մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգ Նազանի Մալխասյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լեւոն Դարբինյանի մահը: