Գերմանիայի Դաշնային հակամենաշնորհային տեսչությունը հավանություն է տվել «Հյուսիսային հոսք-2» նախագծային ընկերության մասնաբաժինների գնմանը: Այդ մասին որոշումն ընդունվել է դեկտեմբերի 18-ին, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով գերմանական կարգավորող մարմնին:
«Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը ենթադրում է խողովակաշարի երկու գծի կառուցում, որոնք Ռուսաստանից Գերմանիա կձգվեն Բալթիկ ծովի խորքով, ինչպես որ արվել է «Հյուսիսային հոսք-1»-ի դեպքում: Ապագա գազատարի հզորությունը գնահատվում է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ: Նախագծի բաժնետերեր են BASF/Wintershall-ը, Shell-ը, E.On-ը եւ OMV-ն, որոնց է պատկանում բաժնետոմսերի 10 տոկոսը, ինչպես նաեւ Engie-ն` ինը տոկոս բաժնեմասով եւ «Գազպրոմը» (բաժնետոմսերի 51 տոկոսը):
Ավելի վաղ նախագծի դեմ էին հանդես եկել Եվրամիության մի շարք երկրներ, այդ թվում` Լեհաստանը, Էստոնիան, Լիտվան եւ Սլովակիան: Նրանք Բրյուսելին են դիմել նամակով, որում ներկայացրել են համատեղ ձեռնարկության ստեղծման հետեւանքով Եվրոպայի տնտեսությանը սպառնացող ռիսկերը: Այնուամենայնիվ, Գերմանիայի հակամենաշնորհային տեսչությունը հավանություն է տվել գործարքին:



























