Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին հունիսի 6-ին տեղի ունեցած, 7 մարդու կյանք խլած վթարի գործով նշանակված փորձաքննությունների պատասխանները ստացվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Քննչական կոմիտեից:
Ըստ դատահետքաբանական, հրդեհատեխնիկական, ավտոտեխնիկական եւ դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացության՝ «Վոլքսվագեն Տուարեգ» ավտոմեքենան պատահարին նախորդող պահին դեպքի վայրում առկա շրջադարձի աղեղով տարված շոշափողներից մեկի շարունակության ուղղությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասի սահմաններից, փոխազդեցության մեջ մտել տեղանքի էլեմենտների հետ, ու ի վերջո, բախվելով ծառին, կանգնել:
Քննարկման ենթակա պայմաններում «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը, նախապես հաշվի չառնելով առկա ճանապարհային պայմանները, մասնավորապես շրջադարձի առկայությունն ու չընտրելով երթեւեկության համապատասխան անվտանգ ռեժիմ, իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ կառավարում, որի արդյունքում ավտոմեքենան կորցրել է կառավարելիությունը. դեպքի վայրում առկա շրջադարձի աղեղով տարված շոշափողներից մեկի շարունակության ուղղությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասի սահմաններից եւ վթարի ենթարկվել, տեխնիկական տեսակետին ստեղծել է վթարային իրադրություն եւ թույլ տվել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի եւ ՃԵԿ-ի 66-րդ կետին հակասող գործողություններ, դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:
Պարզվել է նաեւ ավտոմեքենայում առաջացած հրդեհի օջախը, ըստ փորձագետների, այն գտնվել է ավտոմեքենայի առաջամասում՝ շարժիչային հատվածում, իսկ պատճառը, ամենայն հավանականությամբ, հանդիսացել է ավտոմեքենայի շարժիչախցում արտահոսած վառելիքի՝ գազի կամ բենզինի բոցավառումը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 6-ին Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել: Պարզվել էր, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել: Հրդեհից զոհվել են Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Վանիկ Մարդոյանը, 24-ամյա Վահագ Ալբերտյանը, 22-ամյա Արման Տոնոյանը, 24-ամյա Գևորգ Պողոսյանը, 22-ամյա Կարեն Խաչատրյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 22-ամյա Գասպար Ղուկեյանը եւ Երեւանի բնակիչ, 22-ամյա Արթուր Բալյանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:




























