Ընթացիկ տարում Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների արդյունավետ համագործակցությունը նոր թափ է հաղորդել հայ-վրացական հարաբերություններին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երեւանում Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեի հետ հանդիպման ժամանակ նշել է Վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 23-24-ը Երեւանում անցկացվում է Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը՝ նվիրված տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարներին:

ՀՀ վարչապետը ողջունել է Վրաստանի փոխվարչապետի այցը Հայաստան՝ նշելով, որ այն կնպաստի էներգետիկ ոլորտում փոխգործակցության խորացմանը: Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ընթացիկ տարում երկու երկրների կառավարությունների արդյունավետ համագործակցությունը նոր թափ է հաղորդել հայ-վրացական հարաբերություններին, եւ այսօր տարբեր ոլորտներում հաջող իրագործվում են մի շարք համատեղ ծրագրեր: 

Կախա Քալաձեն նշել է, որ Վրաստանը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ուղղություններով կապերի զարգացումը եւ սերտացումը: Նրա խոսքով՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ այսօր ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նպաստավոր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման համար, եւ անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ փոխշահավետ նախագծերը կյանքի կոչելու համար:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ էներգետիկ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, կարեւորել է Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաեւ այլ համատեղ ծրագրերի իրականացումը:  Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը համագործակցության արդյունավետ ձեւաչափ է, եւ քառակողմ հուշագրի ստորագրումը կնպաստի էլեկտրաէներգետիկ ոլորտում տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրագործմանը:

Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին՝ ընդգծելով, որ առկա են չիրացված մեծ ներուժ եւ հնարավորություններ: Այս առումով երկուստեք կարեւորվել է Հայաuտանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը եւ գործարար համաժողովների անցկացումը: