ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւան քաղաքի Մյասնիկյան փողոցում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 06:00-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Մյասնիկյան 20/1 հասցեում վիրավոր մարդ կա, իսկ ժամը 06:05-ին ահազանգ է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, որ գլխի, կրծքավանդակի, ձախ ձեռքի շրջանի կտրած, ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ա.Մարտիրոսյանը՝ ծնված 1968 թվականին, ով Մյասնիկյան 20/1 հասցեում ենթարկվել է հարձակման:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ կետերի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննությամբ պարզվել է, որ դիմակավորված 2 անձ, ուրիշի գույքը ավազակային հարձակման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, ատրճանակով ու դանակով զինված, 2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գործող բենզալցակայանի տարածքում, նույն բենզալցակայանի աշխատակից Ա.Մարտիրոսյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել են գումար: Վերջինիս կողմից դիմադրության արժանանալով՝ դանակով եւ ատրճանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Մարտիրոսյանի գլխին ու մարմնի տարբեր մասերին եւ դիմել փախուստի: Ա.Մարտիրոսյանն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 08:00-ի սահմաններում մահացել է:
Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել են քննչական եւ դատավարական մեծածավալ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական եւ դատամիկրոմասնիկային համալիր փորձաքննություններ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։



























