«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած 32 ցմահ դատապարտյալները դադարեցրել են իրենց հացադուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դեկտեմբերի 14-ին իրենց գործերի վերանայման պահանջով հացադուլ սկսած 35 ցմահ դատապարտյալներից 3-ը դեկտեմբերի 17-ի երեկոյան դադարեցրել են հացադուլը:

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում ցմահ դատապարտյալներից մեկի հարազատը հայտնել էր, որ հացադուլավորների թիվն իրականում 40-ն է: Կնոջ խոսքով՝ դատապարտյալները վերսկսել են հացադուլը այն բանից հետո, երբ Արդարադատության նախարարությանն ուղղված նամակի պատասխան չեն ստացել:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ ազատազրկվածների հարազատները հոկտեմբերին իրենց հարազատների գործերի վերանայման պահանջով նամակ էին հանձնել Բաղրամյան-26, որն հետագայում ուղարկվել էր Արդարադատության նախարարություն: Միեւնույն ժամանակ, 50 ցմահ ազատազրկվածներ մի քանի օր շարունակվող հացադուլ արեցին: