Հայաստանի բնապահպանության նախարարությունը կառաջարկի երկրի հիդրոէլեկտրակայանների բարեկարգման ծրագիր: Այս մասին դեկտեմբերի 23-ին կայացած ամփոփ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ՀԷԿ-երից միայն 3-4-ն են  համապատասխանում սահմանված նորմերին:

Համաձայն նշված ծրագրի՝ կվերանայվի քաղաքականությունը: «Բոլոր այն ՀԵԿ-երը, որոնք կմասնակցեն այդ ծրագրին, ծախսեր կկատարեն եւ կվերականգնեն սարքավորումները, եւ նրանք խնդիրներ չեն ունենա: Իսկ այն ՀԵԿ-երը, որոնք չեն գնա այդ քայլին, բնականաբար խնդիրներ կունենան»,- ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ չի կարելի ամբողջ ժամանակ աշխատել տուգանքների միջոցով, ավելի լավ է ոլորտը բարելավելու հստակ առաջարկ անել, որպեսզի ամեն անգամ չանդրադառնան այդ հարցին: «Մենք մշտապես խնդրի լուծումը տեսնում ենք տուգանքների մեջ: Սակայն ինչու՞ չիրականացնել բարեկարգման ծրագիր»,- ասել է նախարարը:

Նա միաժամանակ հավելել է, որ Բնապահպանության նախարարությունը Կառավարությանն առաջարկ է ներկայացրել բնապահպանական խնդիրներ ունեցող տարածքներում ՀԷԿ-եր կառուցելն արգելելու մ ասին: