2015-ի ընթացքում Հայաստանի Բնապահպանության  նախարարությունը 28 ծրագիր է իրականացրել, որից 18-ը` ազգային, 10-ը` շրջանային: Այդ մասին դեկտեմբերի 23-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:  

Նախարարության գործընկերներն են դարձել Համաշխարհային բանկը  (WB), Գլոբալ բնապահպանական հիմնադրամը (GEF), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագիրը (UNIDO), ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP), Կովկասի բնության հիմնադրամը  (CNF), Եվրոպական միությունը (EU):

«2015-ին ավարտվել է «Արփի լճի ազգային պարկ» ծրագիրը: Դրա իրականացման ընթացքում համայնքներին աջակցություն է տրամադրվել, իրականացվել են 11 գյուղի խմելու ջրով մատակարարման համակարգերի վերանորոգման աշխատանքներ, տեխնիկական աջակցություն է տրամադրվել», - նշել է Գրիգորյանը:

2015-ին, շարունակել է նախարարը, մեկնարկել է   «Կովկասի պահպանվող տարածքներին աջակցության ծրագիրը», որը ստորագրվել է 2011-ի հուլիսի 18-ին: Ծրագրի նպատակը բնական ռեսուրսների եւ պահպանվող տարածքների կառավարումն է, ինչպես նաեւ հարեւան գյուղական համայնքների տնտեսական վիճակի բարելավումը: