Կոմիտասի պողոտայում այսօր՝ դեկտեմբերի 23-ին, տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր առավոտյան ժամը 07:40-ի սահմաններում Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 51 հասցեի դիմաց, կին վարորդի կողմից վարած թիվ 10 երթուղու տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել հետիոտներ Սեդա Սեդրակյանին եւ Հասմիկ Իգիթյանին, ինչի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է, իսկ Ս. Սեդրակյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ։



























