Երեւանի «Շենգավիթ» համայնքի սեփական տներից մեկում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, վաղ առավոտյան տեղի ունեցած հրդեհի պատճառը դեռեւս հայտնի չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմեցին տանտերերը:
«Տան բակում որդիս իր համար արվեստանոց է սարքել, որտեղ գիշերը մինչեւ չորսն աշխատել է, հետո եկել է տուն, քնել: Մեկ էլ արթնացանք, տեսանք, որ այրվում է: Առաջինը հարեւանն է նկատել կրակը, ԱԻՆ զանգել: Ինքն էլ առողջական խնդիրներ ուներ, էդպես էլ երեւի թե ապրումներից, վախից, որ կարող է իր տունն էլ այրվել, մահացել է այդ տղամարդը»,- պատմեցին տանտերերը:
Հարեւաններն էլ մեզ հայտնեցին, որ մահացած տղամարդը մի քանի տարի առաջ վիրահատվել էր, սրտի հետ կապված խնդիր ուներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. դեկտեմբերի 24-ին ժամը 06.11-ին Երևանի Կողբի 1-ին փողոցում այրվել է տուն: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ թիվ 35 տան բնակիչ, 62-ամյա Ս. Գ.-ը (նախկինում ունեցել է առողջական խնդիր՝ սրտային անբավարարություն), հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կողբի 1-ին փողոցի թիվ 37 տանը հարակից ոսկու արհեստանոցում (պատկանում է Հ. Ս.-ին):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.04-ին, մարվել` 07.24-ին: Այրվել է արհեստանոցը՝ գույքով (45քմ):




























