Իտալացի գիտնականները պարզել են, որ շները կարողանում են «պատճենել» ուրիշ շների հույզերը:
Հույզերին պատասխանելու (օրինակ՝ ծիծաղելուն պատասխանելու) ունակությունը մարդկանց օգնում է շփվել: Ինչպես պարզվել է, շները նույն նպատակով անում են նույն բանը:
Նման եզրակացության են եկել Պիզայի համալսարանի գիտնականները, որոնք 50 ժամ շարունակ վերլուծել են շների վարքը: Հետազոտողները պարզել են, որ շները մարդկանց նման ակամա վայրկենապես կրկնօրինակում են իրենց մերձավորների միմիկաները: Օրինակ, եթե շներից մեկն ուզում է խաղալ, նա բացում է բերանը կամ ընկնում է առջեւի թաթերի վրա: Այդ պահին երկրորդ շունը կրկնօրինակում է այդ շարժումները: Դա կարող է վկայել շների մոտ սրտակցելու ունակության առկայության մասին, հայտնում է «Մոյա Պլանետա»-ն:
Սակայն այս հիպոթեզը հերքում է Բրիստոլի համալսարանի դոկտոր Ջոն Բրեդշոուն:Նրա խոսքով՝ շները հայտնի են ինչպես իրենց ազգակիցների, այնպես էլ մարդկանց շարժումները կրկնօրինակելու ունակությամբ, այդ պատճառով հեշտ են վարժեցվում: Նրանք սիրում են խաղալ, եւ շարժումները կրկնելը վկայում է խաղալու պատրաստակամության մասին: Սակայն դա չի նշանակում, որ շունը կարող է զգալ ուրիշ շների հույզերն ու մտքերը, հայտնում է BBC-ն:




























