Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշում Հայաստանի առաջընթացն ակնհայտ է: Այդ մասին դեկտեմբերի 24-ին լրագրողներին ասել է գործարար մթնոլորտի բարելավման վարչության պետ Ալբերտ Բաբայանը:
Նա հիշեցրել է, որ 2016-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 3 աստիճանով բարձրացել է` հասնելով 35-րդ տեղին
Հայաստանը անդրսահմանային առեւտրի ռեժիմի թեթեւացման տեմպերի առումով համաշխարհային առաջատար է դարձել: 2014 – 15-ին երկիրը այդ ոլորտում 19 բարեփոխում է իրականացրել: Հիմնական առավելությունը դարձել է երկրի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումը: Իրականացված բարեփոխումների շնորհիվ արտահանման փաստաթղթերի լրացումը կարող է ընդամենը 2 ժամ խլել, իսկ սահմանային ստուգումը` մոտ 3: Ապրանքների խմբաքանակի համար փաստաթղթերի լրացման ուղղորդիչ արժեքը 150 դոլար է:
Բացի այդ, Հայաստանը նշված է այն երկրների թվում, որոնք թեթեւացրել են շինարարական թույլտվությունների տրամադրումը եւ շինարարության վերահսկողությունը: Մասնավորապես` ռիսկի ցածր աստիճան ենթադրող նախագծերի համար վերացվել է անկախ փորձագետի եզրակացության անհրաժեշտությունը:
Դատական բարեփոխումների շարքում Հայաստանը ներդրել է ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների միջեւ գործերի պատահական բաշխումը, ինչը պիտի նվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:
Հայաստանն աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում ձեռնարկությունների գրանցման արագությամբ (աշխարհում 5-րդ տեղը): Բիզնեսը հնարավոր է գրանցել միջինը 3 օրում, նշում են ՀԲ-ի մասնագետները: Ունեցվածքի գրանցման առումով հանրապետությունը 14-րդ տեղն է զբաղեցրել (գնահատման ժամկետը` 7 օր):
Հանրապետությունը հետ է մնում էլեկտրականության միացման հեշտության առումով (99-րդ տեղ) եւ սնանկության վերաբերյալ դատական վճիռների (71-րդ): Միացման համար կարող է մինչեւ կես տարի պահանջվել, իսկ սնանկության ընթացակարգի համար` համարյա մինչեւ երկու, նշվում է Doing Business-ում:




























