2015 թվականը բուռն տարի էր Հայաստանի համար, որը նշանավորվեց Ցեղասպանության 100-ամյակի տարելիցով, Ցեղասպանությունը ճանաչեցին շատ երկրներ: Եզակի երեւույթ էր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագը նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում առաջընթաց չեղավ, անգամ լուծման մոտավոր ժամկետներ չուրվագծվեցին. միաժամանակ, զոհեր եղան թե′ սահմանին կանգնած զինվորների, թե′ սահմանամերձ գոտու խաղաղ բնակիչներ շրջանում:
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքին, մասնավորապես, ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին, որը 015-ի փետրվարին իշխանափոխություն էր խոստանում, սակայն իշխանությունների ճնշման ներքո այդ ուժի առաջնորդը լքեց քաղաքական ասպարեզը, Բաղդասարյանը նշեց. «Ես կցանկանամ, որ կուսակցությունները լինեն այնպիսի գաղափարական հենքի վրա, որ տրոհումներ չլինեն: «Ժառանգություն» խմբակցությունում մարդ չմնաց, ՀԱԿ-ում էլ չմնաց, ընդդիմության դաշտում կայացման խնդիր ունենք, եւ պետք է հետեւողական լինի ընդդիմությունը: Ոչ թե միայն հայհոյի, տառապի իշխանամոլությամբ, այլ պետք է իր խնդիրները ճիշտ ձեւակերպի»:
Անդրադառնալով դեկտեմբերին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին եւ «այո»-ի հաղթանակին, ինչպես նաեւ նրան, թե որքանով դա դրականորեն կանդրադառնա բնակչության կյանքի վրա, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հորդորեց այդ մասին խոսել ապագայում: «Այդ հարցի մասին ապագայում կխոսենք, այն ապագայի խնդիրները կարգավորելու համար է, սա ես մեծ ձեռքբերում եմ համարում: Սա հասկանում են նաեւ այն գործընկերները, ովքեր ընդդիմանում են ու փորձում են նման միջոցառումներին դեմ գնալով` իրենց դեմքը պահպանել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքացիների բարեկեցության խնդրին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հաջողություն է համարում եղած իրավիճակի պահպանումը. «Նման գլոբալ իրավիճակում, տարածաշրջանային տնտեսական իրավիճակի պայմաններում Հայաստանը կարողացավ իր կայունությունը ապահովել»,-ամփոփեց մեր զրուցակիցը:




























