Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո խորհրդարանական որոշ  խմբակցություններում մեկնարկել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ  քննարկումները։ ԲՀԿ-ում, ՀՅԴ-ում քննարկում են՝ ինչ առաջարկներ ներկայացնել որոշ դրույթների վերաբերյալ։ Այս մասին խմբակցությունները դեռ չեն հայտարարում թերեւս այն պատճառով, որ դեռ հստակ չեն իրենց առաջարկները, եւ քննարկումներն ընթանում են միայն խմբակցության ներսում։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հաստատեց, որ քննարկումներ են ընթանում։ Ասաց, որ դեռեւս այլ խմբակցությունների հետ հանդիպումներ չեն եղել, նախատեսվում են տոներից հետո։

«Սահմանադրական հանրաքվեից հետո քննարկումներ կան։ Բայց դեռ հանդիպումներ չեն եղել այլ ֆրակցիաների հետ։ Միայն Ընտրական օրեենսգիրքն է քննարկվում այս պահին»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։ Այս քննարկումների մեջ հավանաբար կներգրավվեն միայն այն ուժերը, որոնք անկախ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումից, մասնակցեցին նախագահականում կազմակերպված կոնսուլտացիաներին։ Նշենք, որ դրան խորհրդարանական ուժերից չմասնակցեցին «Ժառանգությունն» ու «Հայ ազգային կոնգրեսը»։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ իրենց խմբակցությունում որեւէ քննարկում չկա սահմանադրական փոփոխություններից բխող օրենսդրական որեւէ օրենսգրքի վերաբերյալ։